Ուկրաինայում դպրոցական ծրագրից կհեռացվի Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը
Ուկրաինայի իշխանությունները մտադիր են դպրոցական ծրագրից բացառել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը, որը նրանք համարում էին ռուսական բանակի «գովերգում»։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ուկրաինայի կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Վիտրենկոն։
Նրա խոսքով՝ ռուս գրողների բազմաթիվ գրքեր նախատեսվում է ամբողջությամբ հանել ուկրաինական դպրոցների կրթական ծրագրից։
«Դե, օրինակ, ինչպես «Պատերազմ և խաղաղություն»-ը. այն այլևս չի ուսումնասիրվի Ուկրաինայում»,- Անդրեյ Վիտրենկոյի խոսքերն է մեջբերում UNIAN գործակալությունը։
Ուկրաինայի կրթության փոխնախարարի խոսքով՝ այն ամենը, ինչ «գովաբանում» է ռուսական բանակը, «կվերանա արտասահմանյան գրականության ուսումնասիրման ծրագրից»։
Նա հավելել է, որ Ուկրաինայում ակնկալվում է ուսումնական ծրագրերի փոփոխություն «ազգային-հայրենասիրական դաստիարակության» ամրապնդման ուղղությամբ, մասնավորապես՝ փոփոխությունները կազդեն «Հայրենիքի պաշտպանություն» դպրոցական առարկայի վրա։
Փոփոխություններ կկատարվեն նաև Ուկրաինայի պատմության և համաշխարհային պատմության դասավանդման մեթոդաբանության մեջ, հավելել է փոխնախարարը։