Հայտնի են DigiTec 2022-ի անցկացման օրերը
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի ամենամյա DigiTec Expo-ն՝ տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ DigiTec Expo-ն DigiWeek տեխնոլոգիական օրերի կենտրոնական միջոցառումն է, որի շրջանակներում մեկ շաբաթ շարունակ տեղի կունենան ոլորտն ընդգրկող տարբեր միջոցառումներ։ Մասնակիցները կկարողանան առավելագույն ներգրավվածություն ունենալ Հայաստանի և տարածաշրջանի կարևորագույն տեխնոլոգիական իրադարձությունների մեջ:
Այս տարի ցուցահանդեսում առանձին հատված է նախատեսված տեխնոլոգիական կրթություն իրականացնող կազմակերպությունների, ծրագրերի և նախաձեռնությունների համար։
Միաժամանակ, հոկտեմբերի 1-ին և 2-ին ԱՏՁՄ-ն կիրականացնի նաև Digitec Summit-ը՝ միջազգային երկօրյա համաժողովը, որը համախմբում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի ղեկավարներին ամբողջ աշխարհից: Համաժողովը բաղկացած է մի շարք հիմնական պանելային քննարկումներից և ներառում է առաջատար ձեռնարկատերերի, հետազոտողների և մասնագետների։
DigiTec Summit 22-ի գլխավոր քննարկման թեման է՝ «Ինչպե՞ս են մեծ տեխնոլոգիական նկրտումներ ունեցող զարգացող երկրները մրցակցում գլոբալ մակարդակում» (How do emerging countries with large tech ambitions compete on a global scale):
DigiWeek22-ի օրերին հոկտեմբերի 5-6-ը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամ-ը (FAST), իր հերթին կազմակերպում է Գլոբալ ինովացիոն ֆորումը (Global Innovation Forum 2022)։
DigiTec Expo ամենամյա ցուցահանդեսն ԱՏՁՄ կողմից կազմակերպվում է 2005 թվականից ի վեր: Յուրաքանչյուր տարի այնտեղ ցուցադրվում են Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ձեռքբերումներն ու դրա զարգացման ներուժը: Նախորդ տարի DigiTec Expo-ն ունեցել է ավելի քան 100 ցուցադրող ընկերություն և ավելի քան 60․000 այցելու աշխարհի տարբեր երկրներից։