Ուկրաինան խնդրել է Հնդկաստանին դառնալ անվտանգության երաշխավոր երկրներից մեկը
Ուկրաինան նաեւ դիմել է Հնդկաստանին՝ որոշ այլ երկրների հետ երկրի հետպատերազմյան անվտանգության երաշխավորներից մեկը դառնալու առաջարկով, հայտնում է The Hindu-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
«Մենք ակնկալում ենք, որ Հնդկաստանը ակտիվ մասնակցություն կունենա հետպատերազմյան շինարարությանը։ Մենք նաեւ ակնկալում ենք ավելի շատ մարդասիրական օգնություն, բժշկական պարագաներ եւ որոշակի տեխնիկական եւ ֆինանսական օգնություն»,- ասել է աղբյուրը։
Մինչ օրս Հնդկաստանից ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ընկերություններից օգնության ընդհանուր ծավալը կազմել է մոտ 230 տոննա։ Բացի այդ, մեծ օգնություն են ցուցաբերել դեղագործական ընկերությունները, որոնց կենտրոնակայանները գտնվում են Հնդկաստանում, բայց գրասենյակներ ունեն Ուկրաինայում եւ Արեւելյան Եվրոպայում, ասել է աղբյուրը՝ հավելելով. «Սա առանձին օգնություն է, որը կազմում է մոտ 7-8 միլիոն դոլար»։
Թերթի աղբյուրները հայտնել են նաեւ, որ 2022 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն կարող է նվազել 30-50 տոկոսով, իսկ գնաճը կարող է հասնել 20 տոկոսի: Հակամարտության հետեւանքով առաջացած ամսական դեֆիցիտը կազմում է գրեթե 5 միլիարդ դոլար, իսկ հակամարտության հետեւանքով վնասվել կամ ավերվել է Ուկրաինայի ենթակառուցվածքների մինչեւ 30 տոկոսը, որոնց արժեքը կազմում է 100 միլիարդ դոլար։