Թուրքիայի ակնկալիքները պետք է իրականացվեն․ Ստոլտենբերգ
Շվեդիան և Ֆինլանդիան պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվում են աջակցել ահաբեկչական կազմակերպություններին՝ ՆԱՏՕ-ին միանալու համար։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հեռախոսազրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ֊ը։
«Կողմերը քննարկել են Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հարցը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի մտահոգությունները Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ հիմնված են իրավական պահանջների վրա։ Նա ընդգծել է, որ երկու երկրները պետք է հստակ ցույց տան, որ հրաժարվել են ահաբեկչությանն աջակցելուց, չեղարկել են Թուրքիայի դեմ պատժամիջոցները և պատրաստ են համերաշխություն ցուցաբերել դաշինքին»,- լրագրողներին ասել են Թուրքիայի նախագահի գրասենյակից։
Ստոլտենբերգն իր հերթին նշել է, որ «առանցքային դաշնակից Թուրքիայի ակնկալիքները պետք է իրականացվեն»։