Իրաքում ջրի սուր անբավարարությունը կարող է հանգեցնել հացահատիկի բերքի լուրջ կրճատումների
Այն ժամանակ երբ հացահատիկի համաշխարհային գները կտրուկ աճել են Ուկրաինայում տիրող հակամարտության պատճառով, իրաքցի ագարակատերերը հայտնում են, որ իրենք են վճարում կառավարության՝ գյուղատնտեսական տարածքների ոռոգումը 50 տոկոսով կրճտելու որոշման համար, գրում է AP-ը:
Կառավարությունն այդ քայլին է գնացել ջրի սուր անբավարարության պայմաններում, որը պայմանավորված է բարձր ջերմաստիճանով եւ երաշտով, ինչպես նաեւ հարեւան երկրների կողմից Տիգրիս եւ Եփրատ գետերից ջրի շարունակական դուրսբերմամբ: Բոլոր այս գործոնները հանգեցրել են ջրի լուրջ անբավարարության, որն անհրաժեշտ է հացահատիկի արտադրության համար:
Պայքարելով ջրի անբավարարության դեմ՝ Իրաքի կառավարությունը չի կարողանում լուծել այլ վաղուց մոռացված խնդիրները:
Անապատացումը նշվում է որպես այս տարի տեղի ունեցող ավազամրրիկների առաջացման պատճառներից մեկը: Վերջին մի քանի ամսում երկրում առնվազն 10 նման փոթորիկ է տեղի ունեցել, որոնց հետեւանքով քաղաքները պատվել են նարնջագույն փոշու հաստ շերտով: Հազարավոր մարդիկ հոսպիտալացվել են:
Հիմնական սննդամթերքի տեղական պահանջարկը կազմում է տարեկան 5-6 մլն տոննա: Սակայն տեղական արտադրությունը կրճատվում է տարեցտարի: 2021 թվականին Իրաքը 4.2 մլն տոննա հացահատիկ է արտադրել՝ երկրի գյուղատնտեսության նախարարության տվյալներով: Իսկ 2020 թվականին՝ 6.2 մլն տոննա: