Բախվել են Hyundai-ն ու «Զազո» ավանակով լծասայլակը. լծասայլակի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 12:30-ի սահմաններում Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 55-ամյա Գագիկ Նիկողոսյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենան և Արագածոտնի մարզի բնակիչ, 60-ամյա Աղասի Վեդեցյանի վարած ավանակով լծասայլակը:
Բախման հետևանքով լծասայլակը կողաշրջվել է, իսկ Hyundai-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել դաշտում: Լծասայլակ վարող Ա. Վեդեցյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել «Արագած» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր մինչև «Ապարան» բժշկական կենտրոն տեղափոխելը, նրան տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, այնուհետև Ապարահի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը: Բախման հետևանքով ավանակը տեղում սատկել է:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արթիկ» ՔԿՀ-ի ուսումնական մասի տնօրեն, իսկ ավանակին գյուղում կոչում էին «Զազո» և ավանակը տիրոջը նվիրել էր Հնաբերդի գյուղապետը, ով, իմանալով որ նման դեպք է տեղի ունեցել, ասել էր. «Կարևորը մարդ չի տուժել ու պատրաստ եմ Զարզանդի միջոցով այս անգամ այդ ընտանիքին առանց գումարի «Զոզո» ավանակին տալ»: