Կրակոցներ՝ Վայոց Ձորում․ կա 2 վիրավոր, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, մայիսի 1-ին կրակոցներ են հնչել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 19։20-ի սահմաններում «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի ջնջխված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 57-ամյա Արմեն Ավագյանն է, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Վայոց Ձորի մարզում հայտնի քարի տակ՝ «Մարատի խոզանոց»-ի մոտ, ավտոմեքենայից իջնելու ժամանակ վայր ընկնելու հետևանքով։
Մինչ Եղեգնաձորի ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, նշված բժշկական կենտրոնից հերթական ահազանգն է ստացվում, որ «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 38-ամյա Ալիկ Մարտիրոսյանն է, ով անգիտակից վիճակում է եղել, երբ տեղափոխել են հիվանդանոց։
Արդեն դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 4 հատ 5.45 մմ տրամաչափի պարկուճ, նույն տրամաչափի 1 հատ չկրակված փամփուշտ։ Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ քր.օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, կռվի մասնակիցների իմքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ: