Կրակոց` Տավուշի մարզում. կրակողը 37-ամյա կին է
Ապրիլի 23-ին ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեձոր բնակավայրի տներից մեկում կրակոց է հնչել, հաղորդում է shamshyan.com-ը:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, նույն բնակավայրի բնակիչ, 37-ամյա Լուսինե Դ.-ի տան բակում վիճաբանության ժամանակ վերջինս «Տիր» տիպի օդամղիչ զենքով կրակել է նույն բնակավայրի բնակիչ, 30-ամյա Սանասար Ա.-ի ուղղությամբ:
Բարեբախտաբար, կրակոցի արդյունքում ոչ ոք չի տուժել: Արդեն տեղում Լուսինե Դ.-ն ոստիկաններին հայտնել է, որ Սանասար Ա.-ն խլել է զենքը իր ձեռքից և հայհոյանքներ հնչեցրել իր հասցեին, ինչից հետո իր ձեռքերի հատվածում վնասվածք է պատճառել ու ինքը տնից վերցրել է դանակը և սպառնացել է, որ Սանասար Ա.-ն զենքը վերադարձնի իրեն:
Փաստի առթիվ ոստիկանության Տավուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում: