Մատենադարանում բացառիկ ձեռագրով ներկայացվեց «Ավրորա» նախաձեռնության գործունեության ողջ ժամանակագրությունը
Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրը, Մատենադարանում ներկայացվեց 21-րդ դարում ստեղծված «Մատյան մարդասիրաց» բացառիկ ձեռագիրը, ձեռագիրն արտացոլում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործունեության ողջ ժամանակագրությունը: Ձեռագրում ամեն տարի 365 բառով ներկայացվում են այդ տարվա «Ավրորայի» հերոսների եւ դափնեկրի պատմությունները եւ «Ավրորա» մրցանակի ունեցած ազդեցությունը:
Ձեռագիրը ստեղծվել է հայ մատենագրության բոլոր ավանդույթների պահպանմամբ: Մագաղաթը եւ օգտագործված բոլոր նյութերը բնական են: Այս տարվա ապրիլի 24-ից հունիսի 10-ը ձեռագիրը կցուցադրվի Մատենադարանի հիմնական ցուցասրահում:
Ձեռագիրը հետագայում կզարդարվի մանրանկարներով՝ պահպանելով հայ մանրանկարչության ավանդույթները: «Մատյան մարդասիրացը» կհամալրվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ապագա գործունեության նոր պատումներով: