Ռուսաստանը նախազգուշացրել է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հետևանքների մասին․ Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը նախազգուշացրել է Ֆինլանդիային և Շվեդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հետևանքների մասին։ Սակայն նա մանրամասներ չի հայտնել այս նախազգուշացումների մասին, գրում է Kommersant-ը։
«Բրյուսելը, Միացյալ Նահանգների հովանու ներքո, երկար ժամանակ ներքաշել է Շվեդիային և Ֆինլանդիային իր կառույցների մեջ, տարբեր հիբրիդային միջոցներ են ձեռնարկվել վարժանքների անվան տակ՝ նրանց իրականում ներգրավելու համար։ Մենք մեր բոլոր նախազգուշացումներն արել ենք ինչպես հրապարակային, այնպես էլ երկկողմանի ուղիներով։ Նրանք գիտեն այդ մասին, ուստի զարմանալու ոչինչ չկա։ Նրանք տեղեկացված էին ամեն ինչի մասին, թե դա ինչի կհանգեցնի»,- ասել է Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ այս երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհանգեցնի պատասխան քայլերի Ռուսաստանի կողմից։ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ եթե Շվեդիան և Ֆինլանդիան դաշինք կնքեն, Ռուսաստանը կունենա ավելի շատ հակառակորդներ և պետք է ամրապնդի իր արևմտյան սահմանները։ Նա նաև զգուշացրել է, որ Բալթյան երկրները կկորցնեն միջուկային զենքից զերծ կարգավիճակը։
Մարտի սկզբին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն հայտնել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից հետո իր երկրի և Շվեդիայի բնակչության մեծ մասն առաջին անգամ հանդես է եկել ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին: