Ռուսաստանը և Հայաստանը կհամագործակցեն կիբերանվտանգության ոլորտում. ՌԴ ԱԽ
Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ապարատի մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Փաստաթղթի համաձայն՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները, մասնավորապես, լինելու են այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, տվյալների փոխանակումը՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները հայտնաբերելու, կանխելու, զսպելու և հետաքննելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը և Արմեն Գրիգորյանը, նշել են նախարարությունից։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Ռուսաստանում։ Նրա հետ Մոսկվա են ժամանել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը և այլ պաշտոնատար անձինք։