Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու 06-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Բաղրամյան գյուղի վարչական տարածքում դեմ դիմաց բախվել են Mercedes և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, մահացել է:
Օպերատիվորեն ժամանած Արտաշատի հիվանդանոցի բժիշկները արձանագրել են նրա մահը, որից հետո տեղում առաջին բժշկական օգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին և 2 մարդու տեղափոխել «Արտաշատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արտաշատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի մահացած վարորդի և հիվանդանոց տեղափոխված Mercedes-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: