Փառուխի ու Քարագլխի դեպքերից հետո շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել
Ի պատասխան տարբեր հարցումների՝ Արցախի տեղեկատվական կենտրոնը պարզաբանում է, որ այսօր Սարդարաշենի գյուղապետ Հայկ Հակոբյանի` լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:
«Մասնավորապես, ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի այն հատվածում, որտեղ մարտի 24-25-ին ՊԲ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում կասեցվել է նրանց առաջխաղացումը, իսկ այդ հատվածը գտնվում է մի քանի գյուղերի, այդ թվում՝ Սարդարաշենի հարևանությամբ։
Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում տարբեր ուղղություններով իբր թե նոր ներխուժումների մասին, որոնցից վերջինը վերաբերում էր Մարտակերտի որոշ գյուղերի:
Այնինչ իրականությունն այն է, որ նման պնդումներն ամբողջովին կեղծ են և շփման գծի ողջ երկայնքով դիրքային որևէ փոփոխություն չի արձանագրվել Փառուխի ու Քարագլխի վերոնշյալ դեպքերից հետո:
Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին և չտրվել ադրբեջանական ապատեղեկատվությանը»,- հայտնում են Արցախի տեղեկատվական կենտրոնից: