Պաշտոնապես հաստատվեց՝ ԱԻ նախարարը ձերբակալվել է
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»֊ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ զերծ մնալով այլ մանրամասներ հայտնելուց։ Կոմիտեից հայտնեցին, որ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրեն այդ մասով։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԻՆ-ում խուզարկություն է կատարվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում, ընդ որում` թիրախում եղել է նախարարի խորհրդականի աշխատասենյակը: Մեզ հաջողվեց պարզել, որ քրեական գործում շոշափվում է հենց նախարարի անունը:
Պարզվում է, որ նա առանց մրցույթի սուրճի ապարատները տարել նախարարություն, շինանյութ ձեռք բերել, բայց դրանով իր անձնական կարիքները հոգացել:
Բացի այդ` որոշակի յուրացումներ են եղել նաեւ պարգեւավճարների հետ կապված:
Պարզվում է` ոչ բոլոր պարգեւատրվածներն են կարողացել ամբողջությամբ տնօրինել իրենց գումարները, թե ում ինչքան է բաժին հասել` պարզում է հակակոռուպցիոն կոմիտեն: