Կա համաձայնություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի. Մետաքսե Հակոբյան
Ադրբեջանական կողմի եւ ռուս խաղաղապահների միջեւ կա համաձայնություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի Քարագլուխ բարձունքի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Արցախի իշխանությունները ուղիղ նամակ են հղել ՌԴ նախագահին, և մենք երեկ ստացանք առաջին ազդակները՝ Պաշտպանության նախարարության արձագանքի տեսքով։ Մինչև ավելի բարձր մակարդակում կորոշվի հանգուցալուծումը, կա պայմանավորվածություն, որ հրադադարի ռեժիմը չի խախտվի։ Այդ ընթացքում կտրվի քաղաքական լուծում ու մենք հնարավորություն կունենանք հասկանալու՝ նրանք մնում են այդտեղ, թե հետ են գնում։ Երեկվա հայտարարությունից ենթադրում ենք, որ դրական արդյունք կունենանք։ Նման տեսանյութերին չեմ կարող լրջություն տալ, ցանկացած բան նրանք հատուկ կարող են նկարել ցույց տալու համար»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով` երկխոսություն է գնալու և այդ երկխոսության կողմերն են Ադրբեջանն ու Ռուսաստանը, ինչից փաստվում է, որ Հայաստանը այդ եռակողմ համաձայնության կողմ լինելուց դուրս է եկել։
«Ստացվում է, որ այդ երկու կողմը իրար հետ պիտի պայմանավորվեն, և կարելի է ենթադրել, որ գազամատակարարման հարցով ևս ռուսական կողմը զբաղվում է, և եթե վերականգնվի գազամատակարարումը, ադրբեջանական կողմը պետք է իր ժողովրդին համոզի, որ դա ոչ թե ռուսական գազն է, այլ ադրբեջանական»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ մարտի 24-ից ադրբեջանական կողմը գրավել է Փառուխ գյուղը, ԱԹՍ-ներով հարձակում գործել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով 3 զինծառայող զոհվել է, 14-ը վիրավորվել: