Մեկ ամիս առաջ Մայր Աթոռի ներկայացուցիչը օրհնում էր Ծառուկյանի` Քրիստոսի արձան դնելու նախաձեռնությունը, այսօր պնդում հակառակը
«Շատ զարմացած եմ իրենց այսօրվա հայտարարությունից, այն դեպքում, երբ մեր քննարկումներին ներկա է եղել Տեր Ասողիկը, ով նաև Վեհափառի անունից է նաև խոսել, շնորհավորել, նաև օրհնություն բերել մեր նախաձեռնությանը։ Ավել մեկնաբանություններ այս պահին չեմ կարող անել, առաջիկա օրերին հայտարարությամբ հանդես կգանք»,- Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Հիսուս- Քրիստոսի մոնումենտալ արձան- համալիր» մրցութային հանձնախմբի համակարգող, մշակութային գործիչ Ռուբեն Հովհաննիսյանն, անդրադառնալով Մայր Աթոռի այսօրվա հայտարարությանը, որով դեմ են Քրիստոսի արձանի կառուցմանը։
«Գերագույն հոգևոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգևոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը:
Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։
Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով:
Գերագույն հոգևոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին և մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից և առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական և աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով», – նշված է հայտարարությունում։
Ամեն դեպքում Ռուբեն Հովհաննիսյանը հայտնեց, որ այս պահին իրենց պլաններում փոփոխություն չկա։
Հիմա այն մասին, թե ինչ է ասել Տեր Ասողիկը, ով ըստ էության փոխանցել է նաև Գարեգին երկրորդի տեսակետը։
Մայր Աթողի արխիվի և թանգարանի տնօրեն Տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանը քննարկմանը մասնակցել է այս տարվա փետրվարին։ «Ես ուրախ եմ, որ Հայոց Հայրապետից շնորհ և օրհնություն ունեմ այսօր այստեղ լինելու։ Ինչպես մենք ենք բացառիկ աստվածընտրյալ ժողովուրդ, այդպես էլ մեր կերտած Քրիստոսը պիտի յուրահատուկ և լիապես արտահայտի մեր ավանդական, մշակութային արվեստաբանական մտածողությունը։ Վերստին գնահատականք և օրհություն պարոն Ծառուկյանին, որ Աստծո ներշնչանքով այս գաղափարը ունեցավ մեր պատմության այս դժվարին փուլին, այս գաղափարով մխիթարություն պիտի բերենք մեր ժողովրդին»,- ասում է Տեր Ասողիկը այս տարվա փետրվարի 22-ին, Կենտրոն ՀԸ պատրաստած տեսանյութում։
Հետաքրքիր է մեկ ամիս առաջ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը օրհնած Մայր Աթոռի ներկայացուցիչը, որ վսհտահորեն պնդում է, որ փոխանցում է նաև Վեհափառի խոսքը, ինչու այսօր արդեն Մայր Աթոռը այլ դիրքորոշմամբ է հանդես գալիս։
Irakanum.am
Ներկայացում ենք Կենտրոն ՀԸ հիշյալ տեսանյութը։ Տեր Ասողիկի խոսքը՝ 2:09-ը րոպեից։