Ադրբեջանը փորձում է զինաթափել Արցախը. ի՞նչ են քննարկել Քերիմ Վելիեւը եւ Ալեքսեյ Կիմը
Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության ցամաքային զորքերի խաղաղապահ գործունեության գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է АПА գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։
«Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության նախագահների եւ Հայաստանի վարչապետի միջեւ ստորագրված հայտարարության դրույթների իրականացումը, ինչպես նաեւ օպերատիվ իրավիճակը Ադրբեջանի տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներ։ 2020թ․ նոյեմբերի 10-ի հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ կողմերը մտքերի հանգամանալից փոխանակում են անցկացրել Ադրբեջանի տարածքից հայկական անօրինական զինված խմբավորումների դուրսբերման եւ մի շարք այլ հարցերի շուրջ»,- գործակալությունը մեջբերում է հաղորդագրությունը։
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը 5 տարի է՝ ավտոմատ 5 տարի երկարաձգման իրավունքով, եթե կողմերից ոչ մեկը չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին՝ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։