«Հայեցի» բռնաբարություններ
Նախօրեին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamsyan.com կայքը հայտնել էր, որ հարդուկի հարվածից մահացած են գտել 51-ամյա տղամարդու: Նույն կայքն ավելի ուշ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ սպանության մեջ մեղադրվողը տղամարդու երիտասարդ հարսն է: Վերջինս, ըստ կայքի աղբյուրների, փորձել է պաշտպանվել սկեսրոջ սեռական ոտնձգություններից, ինչի արդյունքում էլ սպանել է նրան: Թե ինչ է տեղի ունեցել իրականում արդեն իրավապահ մարմինների իրավասության տիրույթում է:
Վերացարկվենք կոնկրետ այս դեպքից ու փորձենք հիշել, թե ինչքան հաճախ ենք մենք նմանատիպ լուրերի ականատես լինում: Ընտանեկան բռնաբարությունների մասին հաղորդումների ինտենսիվությունը ցույց է տալիս, թե ինչ աղճատված մթնոլորտ է տիրում ընտանիք ինստիտուտի ներսում:
Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում անընդհատ սիրում են խոսել ազգային ինքնության, ավանդույթների, արժեքների, հայու գենի ու հայեցիության մասին: Այդ ստանդարտներից մի քիչ շեղվողներին էլ գամում են անարգանքի սյունին, անվանում օտարամոլ, հաճախ նաև թուրք: Բոլորովին վերջերս հայ ազգը համախմբվել էր Հենրիխ Մխիթարյանին կյանք սովորեցնելու գործի շուրջ ՝ կոչ անելով նրան ռուս մոդելների փոխարեն հայ աղջիկներին երջանկացնել:
Ինչպե՞ս է ստացվում, որ ավանդապաշտ համարվող հասարակությունում նման դեպքերը այդքան մեծ թիվ են կազմում: Ընտանեկան բռնաբարություններ, ամուսնալուծությունների թվի աճ, կեղծ կուսաթաղանթների վաճառք կայքերում և այլն: Մի խոսքով հնարավոր ամեն ինչ, որ հակասում է նույն այդ հասարակության կողմից իբրև թե գովաբանվող արժեքներին:
Անհասկանալի է, թե ինչու հռչակված արժեքներն ու իրականությունն այդքան տարբեր են: Ամենայն հավանականությամբ այդ բարձրագոչ արժեքների մասին պատեհ անպատեհ առիթներով խոսելվ հասարակությունը փորձում է կոծկել իրականության պատկերը: Վերոնշյալ իրողությունները ցույց են տալիս, որ ավանդական ինստիտուտները, այդ թվում ընտանիքի հայկական պատկերացումը սպառել է հին ձևաչափը, բայց մարդիկ չեն փոխում այդ ձևաչափը ու շարունակում են ապրել իրականության ու պատկերի այդ հակադրության մեջ, հակադրություն, որ կարող է սկեսրոջ սեռական ոտնձգության ու այդ ոտնձգությունից պաշտպանվել փորձող հարսի կողմից սպանության:
Մոնիկա Հախվերդյան, Lraber.info