ՀՀ տարածքում կան մի շարք փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Դիլիջանի ոլորանները փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Սարավան-«Զանգեր» և Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Մեծ Սարիար-Կրաշեն-Լեռնուտ-Ջաջուռ ավտոճանապարհը փակ է։
Սյունիքի մարզի Տաթևի (բեռնատարների համար) և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Ստեփանավան և Ալավերդի քաղաքների ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Սարավան-«Զանգեր» հատվածում (բուք, մառախուղ), Սյունիքի մարզի Գորիս քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում, Լոռու, Տավուշի, Արարատի (բացառությամբ Արարատ քաղաքի) մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ, Ճամբարակ քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Շիրակի մարզում, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին և Լոռու մարզի Սպիտակի ոլորաններում բուք է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (ձնահյուսի վտանգի պատճառով): Ռուսական կողմում կա մոտ 380 բեռնատար և 97 մարդատար ավտոմեքենա։