Երևանի քաղաքապետը կարևորել է էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը պաշտոնական հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեի գլխավորած պատվիրակությունների հետ:
Երևանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր գոհունակությունն է հայտնել երկու կառույցների համագործակցության արդյունքներից ու ընդգծել, որ Երևանը հետաքրքված է նոր նախագծերի կյանքի կոչմամբ:
Մասնավորապես, ԱԶԲ-ի հետ համատեղ համայնքն այսօր ծրագիր է իրականացնում Բաբաջանյան-Աշտարակ և Արգավանդ-Շիրակ նոր ճանապարհահատվածը կառուցելու նպատակով:
«ՀՀ կառավարությունն ու Երևան համայնքը պատրաստակամ են շարունակելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են մայրաքաղաքում ենթակառուցվածքների զարգացմանն ու հարմարավետ միջավայրի ապահովմանը: Տեղյակ եք, որ այս տարիների ընթացքում ինքս եմ համակարգել ԱԶԲ-ի հետ համատեղ ծրագրերի ընթացքը և տեղյակ եմ բոլոր ընթացակարգերին, ինչը հնարավորություն կտա նախաձեռնվող նոր ծրագրերն առավել կարճ ժամկետներում իրագործել»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցությունը շարունակելու պատրաստակամության համար՝ ՀՀ ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին նշել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը:
Ներկայացնելով տրանսպորտային համակարգի բարեփոխումների գործում իր մոտեցումները՝ քաղաքապետ Սարգսյանը կարևորել է երևանյան կանգառների արդիականացումը, էլեկտրոնային չվացուցակների տեղադրումն ու քաղաքում խելացի լուսացույցերի ներդնումը, ինչպես նաև Ջրվեժի ավտոբուսային նոր հավաքակայանի կառուցումը, որը նախատեսում է նաև գազի և դիզելային վառելիքի լիցքավորման ու ավտոբուսների լվացման կայանների ստեղծում:
Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ուղղությունների առնչությամբ առաջիկայում հստակեցնել ծրագրերը: