Ուկրաինան 48 ժամվա ընթացքում Ռուսաստանի եւ այլ երկրների հետ հանդիպում է հայցել
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները հանդիպում են հրավիրում ՌԴ-ի եւ Վիեննայի փաստաթղթի մյուս անդամ պետությունների հետ այն բանի կապակցությամբ, որ Ռուսաստանը չի պատասխանել ռազմական գործունեության մասին տեղեկատվության տրամադրման վերաբերյալ Կիեւի հարցմանը:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել էր, որ Կիեւը ՌԴ-ից պարզաբանումներ է պահանջել՝ Ուկրաինայի տարածքին հարող շրջաններում ռազմական գործունեության վերաբերյալ: Նա նաեւ նշել էր, որ Կիեւը ՌԴ-ից պատասխան է սպասում 48 ժամվա ընթացքում՝ ռազմական գործունեության շրջանների եւ զինվորականների թվաքանակի մասին տեղեկատվությամբ:
«Ռուսաստանը չի պատասխանել Վիեննայի փաստաթղթի մասով մեր հարցմանը։ Մենք անում ենք հաջորդ քայլը. Ուկրաինան առաջիկա 48 ժամվա ընթացքում հանդիպում է հրավիրում ՌԴ-ի եւ բոլոր մասնակից պետությունների հետ՝ քննարկելու մեր սահմանի երկայնքով եւ ժամանակավորապես օկուպացված Ղրիմում ՌԴ զորքերի ուժեղացումն ու տեղափոխումը: Եթե Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում ԵԱՀԿ տարածքում անվտանգության անբաժանելիության մասին իր խոսքերին, նա պետք է կատարի ռազմական թափանցիկության իր պարտավորությունները՝ լարվածությունը նվազեցնելու եւ բոլոր մասնակից պետությունների համար անվտանգության ամրապնդման համար»,-գրել է Կուլեբան իր Twitter - ում: