Աստրախանի բնակիչները հրավիրված են «Դուդուկ և երգեհոն» համերգին
astrobl.ru–ն գրում է, որ «Դուդուկ և երգեհոն» համերգը Աստրախանում տեղի կունենա եկեղեցում 2022 թվականի մարտի 6-ին և 7-ին, սկիզբը՝ ժամը 15.00-ին, մուտքը՝ տոմսերով։ Ժամանակակից լավագույն կատարողներից Արգիշտին (Սանկտ Պետերբուրգ) դուդուկ է նվագելու, Նատալյա Ֆոմիչևան (Աստրախան)՝ երգեհոն։ Ծրագրում հնչելու են Բախի, Ալբինոնիի, Շուբերտի, Ջենկինսի, Լեֆեբուրե-Վելիի ստեղծագործությունները, ինչպես նաև հայկական ժողովրդական մեղեդիներ և ինքնատիպ երաժշտություն։
Նատալյա Ֆոմիչևան «Աստրախանի երգեհոնների վերածնունդ» բարեգործական հիմնադրամի ղեկավարն է։ Հիմնականում հիմնադրամի գոյության շնորհիվ է հնարավոր եղել վերակենդանացնել Աստրախանի բնակիչների հետաքրքրությունը երգեհոնային երաժշտության և երաժշտական արվեստի դասական ժառանգության նկատմամբ։ 2019 թվականին նրա «Երաժշտություն բոլորի համար» նախագիծը արժանացել է նախագահական դրամաշնորհի, իսկ 2020 թվականին Աստրախանում կայացել է 12 դրամաշնորհային համերգ, որին անվճար մասնակցել են թոշակառուները, բազմազավակ և անապահով ընտանիքների անդամները և հաշմանդամություն ունեցող անձինք։
Արգիշտին ծնվել և մեծացել է Սանկտ Պետերբուրգում։ Իր հայրենի քաղաքում դաշնամուրի գծով ակադեմիական երաժշտական կրթություն ստանալով մեկնել է Հայաստան և ուսումը շարունակել մեր ժամանակների լավագույն դուդուկահարներից մեկի՝ Գևորգ Դաբաղյանի մոտ։ Արգիշտին ներկայումս նրա շնորհիվ է համարժեք կերպով ներկայացնում դուդուկը Ռուսաստանում և արտերկրում։ Կատարողը վարպետորեն տիրապետում և իր ծրագրերում հաջողությամբ օգտագործում է էլ ավելի հնագույն նվագարաններ, օրինակ հայկական ֆլեյտա բլուրը, պարսկական նեյը, արաբական լյուտան՝ ալ-ուդը։ Ինչպես նաև համատեղում է դուդուկը երգեհոնի և էլեկտրոնային երաժշտության հետ։ Նրա երաժշտությունը կարելի է վերագրել համաշխարհային երաժշտության էթնո ժանրին, ինչպես նաև ջազ, ֆյուժն և նեոկլասիկական երաժշտության արձագանքներին։ Արտիստի դիսկոգրաֆիան ներառում է 10 ալբոմ։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը