Ադրբեջանը մտածում է. արդյո՞ք Բաքուն և Երևանը բռնցքամարտով կսկսեն վստահության մթնոլորտ կառուցել
eadaily.com–ը գրում է, որ Այս տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում ադրբեջանցի բռնցքամարտիկների ելույթը մնում է կասկածի տակ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ, Աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարար Սահիլ Բաբաևը։ Ֆեդերացիայի նորընտիր ղեկավարի խոսքով Հայաստանի մայրաքաղաքում կայանալիք մայրցամաքի առաջնությանը ադրբեջանցի ըմբիշների մասնակցության մասին որոշումը կկայացվի մանրակրկիտ քննարկումից հետո։ «Հավաքականի մարզչական շտաբի և մարզիկների հետ այդ հարցի մանրակրկիտ քննարկում տեղի կունենա, որից հետո վերջնական որոշում կկայացվի։ Մենք քայլեր կձեռնարկենք, որոնք օգտակար կլինեն մեր բռնցքամարտիկներին: Տղաները պատրաստ են հաղթել ցանկացածին և ցանկացած վայրում։ Վերջնական որոշումը կախված կլինի բռնցքամարտիկներից և մարզիչներից»,- ասել է Բաբաևը:
Հիշեցնենք, որ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն այս տարի կանցկացվի Երեւանում մայիսի 21-ից 31-ը։ 2009 թվականին ադրբեջանցի ձյուդոիստներն էին Երևանում մասնակցել ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Այնտեղ Էլմար Գասիմովը (100 կգ քաշային կարգ) ոսկե մեդալ էր նվաճել, և Հայաստանի մայրաքաղաքում հնչել էր Ադրբեջանի պետական օրհներգը և բարձրացվել էր դրոշը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը