Դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի փաստաբաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել գործը քննող դատավոր Դավիթ Արղամանյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Նրա տեղեկացմամբ՝ դատարանը վճիռը կհրապարակի վաղը` առավոտյան ժամը 10:00-ին։
Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Բարձրագույն դատական խորհրդին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էին երկու միջնորդություններ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունները բավարարել:
Փետրվարի 2-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանի որոշմամբ Բախշիյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը։ Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։
Հիշեցնենք նաև, որ Բորիս Բախշիյանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը քննող դատավորն է։