Բարդ է Արմեն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը հետևել. Քոչարյան
Արմեն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը հետևելը բարդ է։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հրաժարականի հայտարարությանը։
Դիտարկմանը, որ Արմեն Սարգսյանը նշել էր, թե չի կարողանում իր սահմանադրական իրավունքներն իրացնել, Անդրանիկ Քոչարյանը նկատեց՝ Արմեն Սարգսյանը շատ լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում, և այդ խնդիրներն ունենալու են իրենց բնորոշ ընթացակարգերը։
Հարցին՝ նախագահի նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, պատգամավորն արձագանքեց՝ ինչպե՞ս են պատկերացնում, ՀՀ նախագահի վրա ի՞նչ ճնշումներ պետք է լինեին։
«Ո՞նց կարող է ճնշում լինել։ Ինչի՞ համար»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Անդրադառնալով հարցին, թե ինչպես կգնահատի Արմեն Սարգսյանի վերջին 4 տարիների աշխատանքը, Անդրանիկ Քոչարյանը նշեց՝ նրա գործունեության շրջանում մեր երկիրն ունեցավ նաև խորը ճգնաժամներ, եղել են ռիսկային պահեր, որոնք պատգամավորի խոսքով հաղթահարվել են ժողովրդի և գործող իշխանությունների համբերատար, հավասարակշռված գործողությունների արդյունքում։