Հակված եմ վստահ լինել՝ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու․ Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
Հակված եմ վստահ լինել՝ անապահով խավի համար գազի սակագինը չի փոխվելու, կարծում եմ՝ դուք էլ հասկանում եք նույնիսկ կալորիականության հաշվարկի կիրառման պարագայում դա չի վերաբերելու սպառողների մի զգալի հատվածին։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։
«Համաձայն չեմ, որ գազի գնի հարցով բանակցությունները անցել են ապարդյուն, նման գնահատականներ տալու համար պետք է գիտակցել, թե ինչքան է գինը պահպանվում սահմանին ՀՀ-ի համար և ինչ գին ունի գազը աշխարհում՝ թե՛ բորսայական, թե՛ եվրոպական առանձին երկրների համար, և այլն։ Դուք առաջնորդվում եք զուտ այսօրվա հայտով, որը զուտ կալորիականությունից ելնելով՝ ՀՔԿՀ-ին առաջարկ է ներկայացվել և դոգամատիկ չէ, որ այդ հայտը ընդունվելու է, կամ ընդունվելու է այն ձևով, որով ներկայացվել է»,-ասաց նա։
Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց գազի սակագնի չբարձրանալու վերաբերյալ իշխանության խոստումները և հարցադրում արեց՝ արդյո՞ք Մհեր Գրիգորյանի պատասխանը խոստում է, որ անապահով խավի համար սակագինը չի բարձրանալու, թե պարզապես այդպես է մտածում, քանի որ ՀՔԿՀ ներկայացված հայտի մեջ այլ բան է նշված։ «Այդ նույն հայտում, ակնհայտ է, որ 25 տոկոս բարձրանալու է վերամշակող արդյունաբերության, ջեմոցային տնտեսություններին տրվող գազի սակագինը, ԱԳԼՃԿ-ներինը և այլն։ Սրանք նոր գնաճային գործոններ են»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ դրանք բյուջեում արտացոլված չեն եղել։
Մհեր Գրիգորյանն ասաց, որ անապահով խավի հետ կապված իր հայտարությունը խոստում էր։ Ինչ վերաբերում է գազի գինը ապարնքների գնի աճի հետ կապելուն, ապա ըստ նրա՝ դա ամբողջ աշխարհում է տեղի ունենում։