«Ռուսաստանի հայերի միություն» կազմակերպության տեղական մասնաճյուղի հիման վրա Ապշերոնսկում բացվել է դպրոց
apsmi.ru-ն գրում է, որ Ապշերոնի շրջանի «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության տեղական մասնաճյուղի ներկայացուցիչների գաղափարը՝ ստեղծել դպրոց, որտեղ կլինեն հայերենի, Հայաստանի պատմության դասեր, կսովորեն նվագել ազգային հարվածային երաժշտական գործիք՝ դհոլ, կլինեն շախմատի դասեր, իրականություն է դարձել:
Երեխաների և մեծահասակների կրթությունն ամբողջովին անվճար է, աջակցությունը ցուցաբերվում է բարերարների և Ապշերոնի շրջանի Ռուսաստանի հայերի միության տեղական բաժանմունքի խորհրդի անդամների կողմից։ Դպրոցի բացման և գործարկման բոլոր ծախսերը հոգացել են մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Թախմազյանը և Ռուսաստանի հայերի միության տեղական կառույցի խորհրդի անդամ Սերգեյ Ավջյանը։ Գնվել են դասագրքեր, գրասեղաններ, աթոռներ, կահույք, գրատախտակ, հեռուստացույց, երաժշտական գործիքներ, շախմատներ, ստեղծվել են բոլոր պայմանները, որպեսզի սովորողները կարողանան գիտելիքներ ստանալ հարմարավետ պայմաններում։
Դպրոցը բացվել է Ապշերոնի շրջանի «Ռուսաստանի հայերի միության» տեղական մասնաճյուղի գրասենյակի հիման վրա, որը գտնվում է շրջանի վարչական շենքի դիմաց՝ Կոմունիստիչեսկայա փողոցի 18 հասցեում:
Ուսուցչական կազմը պրոֆեսիոնալներ են։ Դպրոցի տնօրեն Արթուր Ավանեսյանը 27 տարվա ստաժ ունեցող ուսուցիչ է, դուստրը՝ Մարիաննա Ավանեսյանը, հայոց լեզվի ուսուցչուհի է, և նույնպես երկար տարիներ աշխատել է դպրոցում։ Ընտանիքը վերջերս է տեղափոխվել Ապշերոնսկ օկուպացված Արցախից։ Դհոլի դասեր դասավանդում է Սամվել Հարությունյանը, նրա դասավանդման ստաժը հինգ տարի է։
Յոթ տարեկանից սկսած և առանց տարիքային սահմանափակման ցանկացած անձ կարող է ծանոթանալ Հայաստանի մշակույթին, դպրոցի դռները բաց են բոլորի համար։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը