Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (հարկավոր է կիրառել անվաշղթաներ)։
Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում առկա է մառախուղ։
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի, Արագածոտնի մարզի Թալինի և Ապարանի տարածաշրջաններում, Աշտարակ քաղաքում, Կոտայքի մարզի Չարենցավան, Եղվարդ, Աբովյան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։