ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում կմնան այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի կայունացել. Շոյգու
ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը Ղազախստանում իրենց առաքելությունը կավարտեն այդ երկրում իրավիճակի լիակատար կայունացումից հետո: Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից առաջադրանքների կատարումը կշարունակվի, քանի դեռ իրավիճակը Ղազախստանում ամբողջովին չի կարգավորվել, բնականաբար, երկրի իշխանությունների որոշմամբ»,- ասել է Շոյգուն երեքշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ:
Նախարարի խոսքով՝ «ներկա պահին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ռազմական, պետական և սոցիալական կարևորության կառույցների պաշտպանությանն ուղղված առաջադրանքներ են կատարում»:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահների դուրսբերումը Ղազախստանից կսկսվի երկու օրից:
Ղազախստանում բողոքի ակցիաները սկսվել են տարեսկզբին՝ կառավարության՝ հեղուկ գազի գինը բարձրացնելու որոշման պատճառով։ Մի քանի օրվա ընթացքում գործողությունները վերաճել են ոստիկանության հետ բախումների ու անկարգությունների։ Հունվարի 6-ին ՀԱՊԿ-ը հայտարարել է երկրում խաղաղապահ առաքելություն սկսելու մասին։ Նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը ցույցերը անվանել է պետական հեղաշրջման փորձ, որին մասնակցել են օտարերկրյա գրոհայիններ։ Նախագահը անկարգությունների հասցրած վնասը գնահատել է 2-3 մլրդ դոլար։