Ուիլ Սմիթը՝ լավագույն դերասան, Նիկոլ Քիդմանը՝ լավագույն դերասանուհի. հայտնի են դարձել «Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները
Հայտարարվել են «Ոսկե գլոբուս» 79-րդ մրցանակաբաշխության դափնեկիրները: Այս տարի հաղթողներին հայտարարում են առանց արարողության. ցուցակները հրապարակվում են սոցցանցերում:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, «Շան իշխանություն» ֆիլմը մրցանակի է արժանացել որպես լավագույն դրամատիկ ֆիլմ, իսկ կինոնկարի ռեժիսոր Ջեյն Քեմփիոնը «Ոսկե գլոբուս» է ստացել որպես լավագույն ռեժիսոր:
«Ուեսթսայդյան պատմություն» ժապավենն արժանացել է մրցանակի՝ «լավագույն ֆիլմ-կատակերգություն կամ մյուզիքլ» անվանակարգում:
Դերասան Ուիլ Սմիթը մրցանակի է արժանացել լավագույն դրամատիկ դերի համար «Ռիչարդ արքա» ֆիլմում:
Նիկոլ Քիդմանը հայտարարվել է լավագույն դերասանուհի «Ռիկարդոյի դերում» ֆիլմում իր դերակատարության համար:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Էնկանտո» մուլտֆիլմը:
«Լավագույն հեռուստադրամա» է դարձել «Ժառանգները» սերիալը:
«Ոսկե գլոբուսը» շնորհվում է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից 1944 թվականից ի վեր: Հաղթողներին ընտրում են Հոլիվուդում ապրող 90 միջազգային լրագրողի քվեարկության միջոցով: