Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է 100-ամյա Սարիբեկ Արշակյանին
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ, այսօր այցելել և շնորհավորել է աստղաձորցի Սարիբեկ Արշակյանին՝ ծննդյան 100-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում է Գեղարքունիքի մարզպետարանը։
«Սարիբեկ Արշակյանը տոնական բարձր տրամադրությամբ դիմավորեց հյուրերին։ Մեծ Հայրենականի դաժան ճանապարհով անցած վետերանը խոսեց պատերազմից մինչև վիրավորում իր անցած ճանապարհի մասին, ցուցադրեց ստացած և մինչ օրս խնամքով պահպանած խրախուսանքներն ու մեդալները:
Մեծ Հայրենականի առաջին կարգի հաշմանդամության կարգ ունեցող Սարիբեկ պապը մարզպետին հպարտությամբ ներկայացրեց վերջին տարիներին հրատարակված «Մեծ Հայրենականի դեմքեր» գիրքը, որի մեջ առանձին էջով ներկայացված էր նաև տեղեկատվություն իր մասին:
Պատերազմի ավարտից հետո, ինչպես զրույցի ընթացքում նշեց Սարիբեկ Արշակյանը, նա աշխատանքի է անցել հայրենի ծննդավայրում, մեծ ներդրում և աշխատանքային ավանդ ունենալով գյուղատնտեսության բնագավառում:
100- ամյա հոբելյարն ամենուրեք գրանցել է աշխատանքային հաջողություններ։ Իրեն բախտավոր մարդ է համարում Սարիբեկ պապը, քանի որ շարունակում է վայելել շրջապատի հարգանքը, սերն ու ուշադրությունը։
Նա կարդում է, հետաքրքրվում քաղաքական անցուդարձով, այցելում հարևաններին, մեկ-մեկ էլ ոգելից խմիչք է օգտագործում: Սարիբեկ Արշակյանը 8 տարի առաջ կորցրել է 88-ամյա տիկնոջը:
Հիացմունքով է խոսում իր 5 զավակների և 65 թոռների ու ծոռների մասին, հպարտանում Աստղաձորում, Հայաստանում և Ռուսաստանի տարբեր քաղաքաներում ունեցած իր հարազատներով:
«Ձեր այցով դուք ինձ կյանք պարգևեցիք: Կկամենամ, որ իմ հասակակիցներից բոլորին բախտ վիճակվի հյուրընկալել Գեղարքունիքի մարզպետին և համայնքի ղեկավարին: Ես երջանիկ մարդ եմ ինձ համարում և ինձ համար փառք ու պատիվ է նման ուշադրության արժանանալը: Շնորհակալ եմ, որ այսօր այցելել եք ինձ և օրվա առիթով շնորհավորում եք իմ տարեդարձը: Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայաստանի ղեկավարներին, ովքեր ձգտում են մեղմել մեր ժողովրդի հոգսն ու ցավը, խաղաղ ու բարեկեցիկ կյանք ապահովել նրանց համար» ,- ասաց Սարիբեկ պապը:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը շնորհավորեցին հոբելյարին՝ Ամանորի և 100-ամյա տարեդարձի առթիվ և նվերներ փոխանցեցին, մաղթելով նրան առողջություն և երկար տարիների կյանք:
Հրաժեշտից առաջ մարզպետ Կարեն Սարգսյանը Սարիբեկ պապին առաջարկեց դադարեցնել ծխախոտ օգտագործել, ապա պայմանավորվեցին հանդիպել 1 ամիս անց, որպեսզի համատեղ նշեն պապի չծխելու 1 ամսյակը: