Պուգաչովայի առողջական խնդիրներով զբաղվել է հայազգի բժիշկը
Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Օրբակայտեն պատմել է մոր՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի առողջական խնդիրների մասին: Պուգաչովան գանգատներով բժիշկներին էր դիմել մայիսի վերջին: Ինչպես Օրբակայտեն է ասել «Комсомольская правда»-ին, սրտի վիրաբույժ, ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Գեղամովիչ Ալեքյանը պետք է ստենտավորում իրականցներ:
«Մայրս սրտի նոպա է ունեցել: Բժիշկը ժամանել է Լոնդոնից, որպեսզի հետազոտի նրան: Որոշել են, որ բժիշկ Ալեքյան Բագրատ Գեղամովիչը պետք է ստենտավորում անի: Ես այդ ամենի մասին ուշ եմ իմացել, մայրս չի ցանկացել, որ տխրեմ իմ ծննդյան օրը, բացի այդ՝ ես ԱՄՆ-ում էի»,- պատմել է Օրբակայտեն:
Նա նաեւ նշել է, որ ամեն դեպքում բժիշկներին հաջողվել է խուսափել վիրահատական միջամտությունից: Պուգաչովային պարզապես հետազոտել են, եւ մի քանի ժամ անց նա տուն է գնացել, իսկ ռուսական լրատվամիջոցների տեղեկություններն այն մասին, թե նրան վիրահատել են, չեն համապատասխանում իրականությանը:
Ալլա Պուգաչովան վաղուց սրտի հետ կապված խնդիրներ ունի: Նրան ստենտավորում են արել 2008 եւ 2010 թվականներին:
Բագրատ Գեղամի Ալեքյանը բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ: Ստացել է մի շարք պարգևներ՝ «Մոսկվայի 850-ամյակի» մեդալ (1997 թ.), ՌԴ Վ.Ի. Բուրակովսկու անվան մրցանակ (2001 թ.), Մխիթար Հերացու մեդալ (2003 թ.), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ոսկե մեդալ (2003 թ.): Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի անգիոգրաֆիկ ծառայությունն անվանակոչվել է Բագրատ Ալեքյանի անունով: