Դեկտեմբերի 20-ից հունվարի 7-ը ոստիկանությունը կիրականացնի ուժեղացված ռեժիմով ծառայություն
Դեկտեմբերի 20-ից ոստիկանության օպերատիվ և արտաքին ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության՝ նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին հանցագործությունների ու հասարակական կարգի խախտումների կանխման և բացահայտման նպատակով։
Հասարակական կարգի ապահովման, քրեական ոստիկանության, պետական պահպանության գլխավոր վարչությունների, ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների ու տարածքային ստորաբաժանումների, պարեկային ծառայության Երևանի գնդի և ճանապարհային ոստիկանության ծառայողները ուժեղացված ռեժիմով ծառայություն կիրականացնեն առևտրի կենտրոններում, շուկաներում, տոնավաճառներում ու դրանց հարակից տարածքներում՝ արագ արձագանքելով ցանկացած ահազանգի։
Բացի այդ, ոստիկանության ծառայողները կիրականացնեն նաև բացատրական աշխատանք՝ հրագործական արտադրատեսակների օգտագործման հետևանքով հնարավոր դժբախտ պատահարները, ինչպես և արգելված ժամերի դրանց օգտագործման դեպքերը կանխելու համար։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ճանապարհային երթևեկության կաննոնների պահպանմանը։ Այս համատեքստում պարեկները՝ մայրաքաղաքում, ճանապարհային ոստիկանները՝ մարզերում իրականացնելու են 24-ժամյա հսկողություն։ Ուժեղացված ռեժիմով ծառայությունը տևելու է մինչև գալիք տարվա հունվարի 7-ը։