«Լուսանկարչությունը տեսնելու հնարավորություն է»․ Գագիկ Հարությունյանի՝ աշխարհի տարբեր պատկերասրահներում ցուցադրված աշխատանքները հասանելի են մի շարք հարթակներում
Լուսանկարչությունն իմ ներշնչանքն է, ես ապրում եմ դրանով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասում է լուսանկարիչ Գագիկ Հարությունյանը, որը այս տարի հիմնադրել է «Harutyunyan Gallery» ապրանքանիշն ու ստեղծվել է www.gagikharutyunyan.net/shop կայքը՝ ցուցադրելով ու վաճառելով իր ստեղծած արվեստի գործերը:
Լուսանկարչի աշխատանքները հասանելի են նաև ֆեյսբուքյան էջում, որտեղ նա ներկայացնում է տարիների ընթացքում իր ստեղծած կերպարները ու ներկայումս կատարվող աշխատանքը։
Գագիկ Հարությունյանը սովորել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի Հաշվողական մեքենաներ բաժնում, ունի նաև երաժշտական կրթություն, տիրապետում է մի շարք գործիքների, բայց հենց լուսանկարչությունն է նրա համար դարձել առաջին ու ամենակարևոր աշխատանքը։ Այժմ Գագիկ Հարությունյանը նորաձևության ազդեցիկ լուսանկարիչներից մեկն է Հայաստանում, որ նպաստել է երկրում նորաձևության և գեղեցկության առաջատար տների հաջողությանը։
Լուսանկարչի աշխատանքներն առաջին անգամ տպագրվել են 2013 թվականին «EL Style» ամսագրում: Կարճ ժամանակում նրա աշխատանքային համագործակցության շրջանակը լայնացել է, և լուսանկարները սկսել են տպագրվել այնպիսի ամսագրերում, ինչպիսիք են «EL Style»-ում, «Luxury»-ում, «Design Deluxe»-ում և այլ ամսագրերում։
«Լուսանկարչությունը տեսնելու հնարավորություն է: Կարծում եմ՝ դա հնարավորություն է տալիս տեսնել այն, ինչ ուրիշները չեն տեսնում»,-վստահ է Գագիկ Հարությունյանը։
Վերջինս աշխատել է ոչ միայն ամսագրերի ու նորաձևության տների, այլև Հայաստանում հայտնի մոդելների, դերասանների, երգչուհիների, արտիստների հետ: Լուսանկարչի աշխատանքները ցուցադրվել են եվրոպական մի շարք երկրների պատկերասրահներում։
Գագիկ Հարությունյանի լուսանկարների թեման նորաձևությամբ չի սահմանափակվում, անում է դիմանկարներ, բնապատկերներ: Սիրում է սև և սպիտակ լուսանկարները։ «Երբ լուսանկարում ես սև ու սպիտակ, նկարում ես մարդկանց հոգիները: Աշխատելիս մի քանի կարևոր սկզբունքներ ունեմ՝ մոդելները պետք է առանց դիմահարդարման լինեն, եթե, իհարկե, կոմերցիոն նպատակներով արված աշխատանքներ չեն լինելու»,-ասում է նա ու ընդգծում՝ լուսանկարները մշակելիս մեծ փոփոխություններ կատարելու կողմնակից չէ:
Լուսանկարիչը վստահ է՝ յուրաքանչյուր լուսանկար ունի ոչ միայն իր պատմությունը, այլև, նույնիսկ, երաժշտությունը: Երաժշտական կրթությունն ու լուսանկարչի աշխատանքն այս դեպքում համատեղվում են։ «Առանց երաժշտության ոչինչ չեմ նկարել, այն իմ կյանքում շատ մեծ տեղ է զբաղեցնում»,-ասում է Գագիկ Հարությունյանը։
Լուսանկարչի կայքում վաճառվում են նրա հեղինակած լուսանկարները, որոնք տպագրված են որակյալ ներկերով, պրոֆեսիոնալ, ատլասե ֆոտոթղթի վրա և ունեն պոլիստիրոլից պատրաստված պլաստիկե շրջանակ: Կայքում ներկայացված որոշ լուսանկարներ ցուցադրվել են եվրոպական երկրների պատկերասրահներում։