Ինչպես ճիշտ ծեծել կնոջը. Սաուդիան Արաբիայի պետական հեռուստաալիքը տեսանյութ է տարածել
Սաուդիան Արաբիայում պետական հեռուստաալիքը տեսանյութ է հեռարձակել, որում բժիշկը սովորեցնում է տղամարդկանց, թե ինչպես է պետք ճիշտ ծեծել անհնազանդ կանանց, գրում է abna24.com-ը:
Սաուդցի բժիշկ-թերապեւտ Խալիդ Ալ Սաքաբիին խորհուրդ է տալիս միանգամից չհարձակվել կանանց վրա եւ մշակված քայլերի գնալ՝ նախ հիշեցնել Ալլահի առաջ ամուսնու իրավունքների եւ կնոջ պարտականությունների մասին: Երկրորդ քայլն անկողնում մենակ թողնելն է: Դրանից հետո նոր միայն ծեծ, բայց, ըստ բժշկի ցուցումների, պետք չէ կանանց ծեծել գավազանով կամ սուր գործիքով: Փոխարենը տղամարդիկ կարող են, օրինակ, ատամի խոզանակով ծեծել անհասկացող կանանց:
Վերջում բժիշկը հավելում է, որ երբեմն, երբ կինը չափն անցել է, կարելի է նույնիսկ այս քայլերին չհետեւել եւ ծեծել այնպես, ինչպես տղամարդու սիրտն է ուզում:
Իրավապաշտպան կանայք տեսանյութն արդեն գնահատել են որպես գազանություն: Համացանցում նույն բժշկի նույն խորհուրդներով տեսանյութ կա, որը հրապարակվել է 1 տարի առաջ: