Երեք տարի է Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործը անհիմն ձգձգվում է. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող նրա համակուրսեցիներ՝ Գնել Թևոսյանի, Նորիկ Սահակյանի, Վաչե Սահակյանի և Մովսես Ազարյանի դատավարությունը շարունակվում է արդեն երեք տարի: Եվ ամեն անգամ այս կամ այն պատճառով նիստը հետաձգելը դարձել է աշխատաոճ դատավորի համար: Թե իրականում ինչ պատճառով է ամեն անգամ այն հետաձգում, պարզ չէ, բայց որ դեռ սայլը տեղից չի շարժվում՝ միանշանակ է:
Հունիսի 5–ին նշանակված հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց, դրանից առաջ էլ երկար ժամանակով ընդմիջվել էր, քանի որ համապետական և Երևանի ավագանու ընտրություններն էին:
Հայկազի տատիկը «Փաստի» հետ զրույցում ասաց, որ հաջորդ նիստը նշանակված է հունիսի 12–ին, բայց իրենց ոչ առողջությունը և ոչ էլ նյարդերը այս ամենին այլևս չեն դիմանում:
«Հոգնել ենք այս ամենից: Այս անգամ էլ հանցագործներից ինչ–որ մեկի եղբայրն էր մահացել, զանգահարեցին տղայիս ու ասացին, որ դատ չի լինելու: Այ այսպես ամեն շաբաթ մի պատճառ կա: Արդեն երեք տարի է այս վիճակն է: Շատ հեշտ սպանեցին ու տարան կախեցին թոռնիկիս, հիմա էլ դատն են անընդհատ ձգձգում: Մենք նիստը վարող դատավորից ու դատախազից ոչ մի բողոք չունենք: Ամեն ինչը տեղը–տեղին անում են, բայց մի օր մեկի փաստաբանը չի գալիս, մյուս օրը՝ մյուսի ու այդպես արդեն երեք տարի»,– ասաց Հայկազի տատիկը:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ նրանք 2015 թ. հունվարի 29–ին՝ ժամը 2:00–3:00–ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում