Դեպքից մեկ ամիս անց բացահայտվել է 65-ամյա քաղաքացու սպանությունը. Այգեձորի 39-ամյա բնակիչը կալանավորվել է. Ոստիկանություն (տեսանյութ)
Ոստիկանության ծառայողների որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղի հարակից անտառում հայտնաբերվել էր որպես անհետ կորած համարվող տղամարդու դին՝ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով:
Նույն օրը Տավուշի մարզային քննչական վարչությունում քրեական գործ էր հարուցվել՝ սպանության հատկանիշներով։ Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ՔՈԳՎ, Տավուշի մարզային վարչության, Տավուշի ու Իջևանի բաժինների, ինչպես և Տավուշի մարզային քննչական վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողություններն արդյունք են տվել դեպքից ավելի քան մեկ ամիս անց։ Նոյեմբերի 19-ին հայտնաբերված ու բաժին բերման ենթարկված 39-ամյա տղամարդն իրավապահներին հայտնել է, որ ինքն է սպանել Խաչատուր Սուլյանին՝ քարով ու փայտով խփելով գլխին։
39-ամյա տղամարդը, որը Այգեձորի բնակիչ է, ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքներն ու շարժառիթը նախաքննությամբ պարզվում են։