Գերեվարված 13 զինծառայողներից մեկը վիրավոր է՝ ենթակա անհապաղ վիրահատության, եւս երկու զինծառայողի աճյուն Բաքվում է. Բորիս Ավագյան
«Բաքվում գտնվում է մեկ վիրավոր հայ զինծառայող, որը վիրահատության կարիք ունի»,- «Փաստինֆո»-ին ասել է գնդապետ Բորիս Ավագյանը։
ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր 13 գերիների մասին, նրանից մեկը վիրավոր է՝ Բաքվում։ Ընդ որում, նրա առողջական վիճակն այնպիսին է, որ տեղափոխումն իրականացնել հնարավոր չէ այս պահին ու, ըստ ամենայնի, նա կվիրահատվի Ադրբեջանում։
«Որքան գիտեմ, պայմանավորվածություն է ձեռք բերվել զինվորին վիրահատել, առողջական վիճակը կայունացնել, որպեսզի թույլատրելի լինի նրա տեղափոխումը։ Ադրբեջանական կողմը խոստացել է ռուսական կողմին վերադարձնել զինծառայողին»,- ասել է Ավագյանը։
ՌԴ հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը նախօրեին բանակցել է ՀՀ-ի և Ադրբեջանի հետ։ Հրադադարը մինչև այժմ պահպանվում է։ Ավագյանը նշել է, որ ռուսական կողմի միջնորդությամբ լուրջ աշխատանքներ են տարվում, հույս ունի, որ դրական ավարտ կունենան։
«Հաստատված 13 ռազմագերիների վերադարձի վերաբերյալ գնում է բանակցություն, որ նրանց տուն վերադարձնեն և աշխատանք է գնում 24 անհայտ կորած զինծառայողների վերաբերյալ, որ հայտնաբերվեն և տուն վերադարձվեն»,- ասել է Ավագյանը։
Նոյեմբերի 17-ին Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխել նոյեմբերի 16-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ «Փաստինֆոն»-ն փորձել է տեղեկանալ՝ նահատակված զինծառայողը գերիների՞, թե անհետ կորածների ցուցակում էր։
Ավագյանը նշել է․ «Մինչև նրան վերադարձնելը ցուցակը դեռևս կազմված չէր։ Մուրադովը վերադարձել է Բաքվից և նոր է կազմել այդ ցուցակը»։
Դիտարկմանը, թե ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ էր հաղորդել անհետ կորածների և գերիների թիվը, Ավագյանը արձագանքել է՝ կարծիք հայտնելով, որ ՀՀ ՊՆ-ն ավելի շատ տեղեկատվություն ստանում է գեներալից, քան տեղեկատվություն է տրամադրում։
«Հաստատված 13 գերի կա։ 12-ը վիրավոր չեն, մեկը վիրավոր է։ Նրան բուժօգնություն է տրամադրվել Բաքվում։ Մեկ զինծառայողի դիակը վերադարձրել է գեներալ Մուրադովը։ Մեկը հայտնաբերել է գնդապետ Գորինը, որը այնտեղ աշխատում է, և երկուսն էլ ադրբեջանական կողմը հաստատել է, որ նրանց աճյուններն իրենց մոտ են և խոստացել են տրամադրել»,- ասել է Բորիս Ավագյանը։