Զախարովան մեկնաբանել է Հայաստանի դեմ հարձակման ֆոնին Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցություն հայտնելը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, լրագրողի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի դեմ հարձակման ֆոնին Թուրքիայի կողմից Ադրբեջանին աջակցություն հայտնելու հանգամանքը, ընդգծել է, որ «Մոսկվան կատարում է միջնորդի իր աշխատանքը, որի նպատակը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է»:
«Մենք գիտենք, որ յուրաքանչյուր երկիր ունի իր շահերը, որոշ շահեր հակասում են իրավիճակի զարգացման վերաբերյալ մեր պատկերացումներին, որոշները՝ համընկնում: Տվյալ պարագայում մենք գիտենք՝ ինչ էր հարկավոր հրատապ ձեռնարկել, որպեսզի իրավիճակը չվատթարանար և գար այն կետին, որից էսկալացիան սկսվել էր, որպեսզի այն վերադառնար խաղաղ հուն: Մենք կենտրոնացած ենք դրա վրա: Երևի վերլուծություն ևս կանցկացվի, բայց դա երկրորդական է: Առաջնայինը իրավիճակի հանդարտեցումն է, ինչով էլ զբաղվում են մեր պրոֆիլային գերատեսչությունները և, իհարկե, նախևառաջ մեր երկրի նախագահը»,-ասել է Զախարովան:
Բացի այդ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը անդրադարձել է նոյեմբերի 8-ին Արցախի Շուշի քաղաքի ներքևի հատվածում Ադրբեջանի կողմից մեկ քաղաքացիական անձի (Մարտիկ Երեմյան) սպանության և ևս երեքին վնասվածքներ հասցնելու դեպքի ֆոնին Արցախում ռուս խաղաղապահների կողմից հրադադարի ռեժիմի պահպանման ու տեղի բնակչության անվտանգության ապահովման մասին հարցին:
Նա, մասնավորապես նշել է, որ «Մոսկվան աշխատում է կոնկրետ ամեն կողմի հետ՝ ինչպես երկկողմ խողովակներով, այնպես էլ այսպես կոչված կոլեկտիվ հանդիպումների ժամանակ»:
«Կողմերին զսպվածության, դեպքերի նման զարգացումը թույլ չտալու կոչեր ենք անում: Մենք տալիս ենք գնահատականներ: Դուք պետք է հասկանաք, որ ոչ բոլոր գնահատականներն են տրվում հրապարակավ: Շատ բան, որ ասվում է, ասվում է անմիջականորեն կողմերին: Ելնում ենք նրանից, որ դա արդյունավետ կլինի այս կամ այն իրավիճակում»,-եզրափակել է Զախարովան: