Նոյեմբերի 20-ից Երևանի և Տյումենի միջև ուղիղ ավիակապ կհաստատվի
Նոյեմբերի 20-ից կմեկնարկի Տյումեն-Երևան ուղիղ չվերթը, որից հետո Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր չվերթեր կիրականացվեն շաբաթը մեկ անգամ։ Թռիչքները կիրականացնի «Utair» ավիաընկերությունը։
Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Տեղեկացնելով այս մասին նախարար Վահան Քերոբյանին՝ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը հույս է հայտնել, որ մշտական չվերթերը կնպաստեն պատմական հայրենիքի հետ Տյումենի հայ համայնքի մշակութային և հոգևոր կապերի ամրապնդմանը, կխթանեն Ռուսաստանի և Հայաստանի միջև բիզնես գործընթացները և զբոսաշրջության զարգացումը։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել գործադրել Տյումենի մարզի հայերի միության և շուրջ 25 հազարանոց հայ համայնքի ներուժը՝ առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու ստեղծված հնարավորությունը՝ Հայաստանի հետ մարզի տնտեսական և մշակութային համագործակցությունն աշխուժացնելու համար։
Քերոբյանը Հովեյանին շնորհակալություն է հայտնել Տյումեն-Երևան-Տյումեն կանոնավոր ուղիղ չվերթը կազմակերպելու հարցում գործադրած ջանքերի և հետագա համագործակցության պատրաստակամության համար՝ նշելով, որ չափազանց կարևորում է սփյուռքի մասնակցությունը Հայաստանիտնտեսության զարգացման հարցում։ Նա նաև հավելել է, որ ակնկալում է ակտիվ համագործակցություն՝ իր հերթին վստահեցնելով, որ նախարարությունը նույնպես կօգտագործի ընձեռված հնարավորությունը Տյումենի մարզի հետ առևտրատնտեսական հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։
Տյումենի մարզը հանդիսանում է աշխարհի խոշորագույն վարչատարածքային միավորներից մեկը և Ռուսաստանի ամենամեծ նավթագազային մարզը։ Այստեղ առավել զարգացած են արդյունաբերության հետևյալ ճյուղերը՝ նավթի արտադրություն և վերամշակում, մեքենաշինություն, շինանյութերի արտադրություն, փայտամշակում։