Վեճն ավարտվել է սպանությամբ. հայրն ու որդիները ձերբակալվել են (տեսանյութ)
Նոյեմբերի 1-ին, ժամը 02.10-ին, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնին հայտնել են, որ Կարմիր բլուրի փողոցում կրակոցներ են հնչել, տուժած կա։ Ահազանգ է ստացվել նաև «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ տղամարդու դի էր տեղափոխվել հիվանդանոց։ Շուտով հայտնի է դարձել, որ հիվանդանոցի ճանապարհին մահացածը Չարբախի բնակիչ, 41-ամյա Խաչատուր Սահակյանն է. նա ստացել էր կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ։ Դեպքի վայր մեկնած Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի օպերատիվ խմբերը, փորձաքրեագետներն ու քննիչները Կարմիր բլուրի փողոցի թիվ 43 հասցեի բակում հայտնաբերել են արնանման հետքեր, պարկուճներ և այլն։ Ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ՔՈԳ և ԵՔՎ քրեական հետախույզների հետ, պարզել են հետևյալը։ Նախնական տվյալներով՝ հիվանդանոցի ճանապարհին մահացած անձի, 42-ամյա մի տղամարդու և նրա 20 ու 22 տարեկան որդիների միջև վիճաբանություն էր եղել, որի ընթացքում էլ 20-ամյա երիտասարդը հրազենից կրակոցներ էր արձակել Խաչատուր Սահակյանի ուղղությամբ։
Տղամարդն ու որդիները տանը չեն եղել։ Օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Սյունիքի մարզ են գնացել։ Գորիսի ոստիկանների հետ համագործակցության արդյունքում նրանք Սիսիան-Գորիս ճանապարհին հայտնաբերվել ու բերման են ենթարկվել Շենգավիթի բաժին, այնուհետև ներկայացվել տարածքային քննչական մարմնին՝ հարցաքննության։ 20-ամյա երիտասարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նրանք ձերբակալվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ու հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։