Բրազիլիայի նախագահին Ամազոնում անտառահատումների պատճառով մեղադրել են «մարդկության դեմ հանցագործությունների» համար
Ավստրիական Allrise բնապահպանական կազմակերպությունը հայց է ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարան`ընդդեմ Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի: Պետության ղեկավարին մեղադրել են մարդկության դեմ հանցագործություն կատարելու համար, հաղորդում է France24-ը:
Ակտիվիստները հայց են ներկայացրել հոկտեմբերի 12-ին: Կազմակերպության բողոքը կապված է Ամազոնի մասշտաբային անտառահատումների հետ: Փաստաթղթում ասվում է, որ Բոլսոնարոյի վարչակազմը պատասխանատու է տարեկան 4 հազար քառակուսի կիլոմետր անտառային տարածքների կորստի համար:
Ըստ ակտիվիստների՝ 2019 թվականից նրա նախագահության օրոք անտառների կորստի ցուցանիշն աճել է 88 տոկոսով: Կազմակերպությունը կարծում է, որ նման գործողությունները սպառնալիք են ստեղծում մարդկության համար. անտառահատումների ընթացքում առաջացող վնասակար նյութերի արտանետումները սրել են գլոբալ տաքացման խնդիրը, որն ի վերջո կհանգեցնի աշխարհում ավելի քան 180 հազար մարդու մահվան: