Պատերազմից մեկ տարի անց ոչ մի դրական քայլ չենք տեսնում. Արցախից տեղահանվածներ
Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության դիմաց այս պահին հավաքվել են պատերազմի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո անցած Հադրութի բնակիչները։ Նրանց մի մասը նախարարության շենք է մտել՝ ներկայացնելու իրենց խնդիրները։
Տեղահանված բնակիչներն ահազանգում են՝ կանգնած են փողոցում հայտնվելու վտանգի առաջ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, նրա տեղակալների, Արցախի պետնախարարի հետ հանդիպումից դուրս եկած քաղաքացիներն ասացին՝ ներկայացրել են իրենց պահանջը։
«Մենք ասում ենք՝ լուծեք մեր բնակարանային խնդիրը։ Ոչ ոք մեզ հստակ պատասխան չի կարողանում տալ։ Իրենք եկել են այն եզրակացության, որ Շուշիի ու Հադրութի բնակիչներին բնակարաններով ապահովելու են Արցախում։ Իրենց ասելով՝ սարքելու են երեք տարում, բայց պատերազմից գրեթե մեկ տարի է անցել, ոչ մի դրական քայլ չենք տեսնում, վիճակը հուսադրող չէ»,- ասաց նրանցից մեկը։
Քաղաքացիները նշում են, որ օգոստոսի 24-ին նամակ են գրել Փաշինյանին, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։
«Մեզ ասել են, պետք է վերադառնաք Արցախ, բայց մարդիկ կան, որոնք չեն ցանկանում վերադառնալ այնտեղ։ Պատճառները պարզ են»,- նշեցին նրանք։