«Կյանքիս մեծագույն պատիվներից էր». Հուզված Դենիել Քրեյգը հրաժեշտ է տվել Ջեյմս Բոնդի դերին (տեսանյութ)
Գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի դերը խաղացած Դենիել Քրեյգը նկարահանումների վերջին օրը հրաժեշտի խոսք է ասել, հայտնում է Daily Mail-ը՝ նկատելով, որ դերասանը չի կարողացել զսպել հուզմունքը:
Դերասանը լրտեսի դերը խաղացել է 15 տարի, նա առաջին անգամ հայտնվել է «Կազինո Ռոյալ» ֆիլմում (2006): Ընդհանուր առմամբ, Քրեյգի մասնակցությամբ նկարահանվել է հինգ ֆիլմ «Գործակալ 007»-ի մասին, որոնցից վերջինը՝ «Մահանալու ժամանակ չկա»-ն է:
Վերջին նկարահանումների ժամանակ Քրեյգը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր ներգրավված են Ջեյմս Բոնդի ֆիլմի ստեղծման գործում:
Քրեյգը հայտարարել է, որ «վայելում էր այս ֆիլմերից յուրաքանչյուր վայրկյանը», հատկապես վերջին ֆիլմը: Նա խոստովանել է, որ իր համար շատ դժվար է հրաժեշտ տալ այն դերին, որի վրա աշխատել է այսքան տարի:
«Իմ «ծառայությունը» պաշտոնում արդեն ավարտվել է: Հիշելով այս բոլոր ֆիլմերը՝ ես հպարտ եմ դրանցով: Եվ ես գիտեմ, որ մենք հիանալի աշխատանք կատարեցինք: Սա կյանքիս մեծագույն պատիվներից էր», - ամփոփել է բրիտանացին: