Բաքվում սպանվել է քրեական հեղինակություն Յաշա Բակինսկին
Քրեական հեղինակություն Բալահմեդ Բալահմեդովը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Յաշա Բակինսկի, սպանվել է Բաքվում՝ սեփական տանը, այս մասին հաղորդում է Sputnik Азербайджан-ը՝ հղում անելով տեղի դատախազությանը:
Նշվում է, որ սպանության կասկածանքով բերման է ենթարկվել նախկինում մի քանի անգամ դատապարտված Էլհան Աղաևը, որը զոհի հեռավոր բարեկամն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ քրեական հեղինակությանը սպանելու պատճառը եղել է հարազատների միջև եղած վաղուցվա կոնֆլիկտը: Հաղորդվում է, որ մի քանի ամիս տղամարդիկ վիճաբանել են այն բանի համար, որ Աղաևը կասկածի տակ է առել Բակինսկու հեղինակությունը, որից հետո վերջինս դանակահարել է նրան:
«Աղաևը որոշել է վրեժխնդիր լինել։ Մայիսի 22-ին համարձակության համար ոգելից խմիչք խմելով՝ նա եկել է Բալահմեդովի տուն և հենց անկողնում մորթել նրան։ Նշվում է, որ սպանության պահին տանը Բալահմեդովից բացի գտնվել են նաև նրա ընտանիքի անդամները»,- գրում է գործակալությունը։