Դուք իշխանություն եք և պարտավոր եք լսել քննադատություն, երկու օր է՝ քաղաքացիները մեր մասին վատ կարծիք են ձևավորում. սրա համար չենք այստեղ հավաքվել. Թագուհի Թովմասյան
Կառավարության ծրագրում գեղեցիկ պատկերացումների շարան կա մարդու իրավուքնների պաշտպանության գլխում: Մինչ մենք ԱԺ ոչ լիագումար նիստերի ժամանակ քննարկում էինք այս ծրագիրը, ֆիզիկայի գիտավանում բիրտ ուժ կիրառվեց մի խումբ երիտասարդների և երեխաների նկատմամբ: Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:
«Կառավարությունը մի կողմից հռչակում է մարդու իրավունքների մասին անբեկանելի թեզեր, մյուս կողմից ոտնահարում մարդկանց իրավունքները: Հենց երեկ ԱԺ-ում տեղի ունեցավ բոլոր իմաստներով աննախադեպ միջադեպ, որովհետև երբեք որևէ կին պատգամավորի քաշքշելով, բռնությամբ իր արտահայտած խոսքի համար չեն հեռացրել դահլիճից: Ինձ համար շատ անհասկանալի էր ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանի ագրեսիվ վարքագիծը, որին ես միշտ համարել եմ պարկեշտ սպա»,- ասաց Թովմասյանը:
Դիմելով իշխանական պատգամավորներին՝ Թովմասյանը հորդորեց քաղաքական խոսքի նկատմամբ հանդուժող լինել:
«Դուք իշխանություն եք և պարտավոր եք լսել քննադատություն: Այս դահլիճում ընդունվել են տարբեր օրենքներ, որոնք կարող են ապահովագրել պատգամավորներին: Ստացվում է՝ մենք մի կողմից օրենք ենք ընդունում, մյուս կողմից բռունցնքերով ենք հարցեր լուծում»,- ասաց նա:
Պատգամավորը շեշտեց՝ անընդունելի է, երբ տարիքով երիտասարդ պատգամավորները քննադատում են պատմություն և կեսագրություն ունեցող պատգամավորներին, հատկապես, երբ դա անում են վիրավորական բառերով.
«Բոլորը մեզ են նայում, 2 օր է՝ քաղաքացիները մեր մասին շատ վատ կարծիք են ձևավորում, մեր խորհրդարանը ամբոջությամբ դեռ չի էլ ձևավորվել, վստահաբար մենք սրա համար չենք այստեղ հավաքվել: Մենք առաջնային մանդատով օժտված պատգամավորներ ենք, պետք է հարգենք քաղաքացու քվեն: Հիմա մենք ինչ ենք ցույց տալու քաղաքացուն, որ մենք պետք է իրար անընդհատ ծեծենք, թե որ տղամարդիկ կանանց ներկայությամբ հայհոյեն»:
Թագուհի Թովմասյանը անդրադարձավ նաև լրագրողների նկատմամբ վերաբերմունքին: