Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Legal

«Ֆիզգարադոկում» ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել, մարդկանց բերման ենթարկելիս պատճառել են վնասվածքներ, թույլ չեն տվել օգտվել զանգի իրավունքից, ոստիկաններից մեկն էլ եղել է դանակով զինված․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել «Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքների վերաբերյալ։ Հաղորդագրությունում ասվում է․

«Օգոստոսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք:

Ըստ ահազանգերի՝ տեղում շինարարության դեմ բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ: Սակայն Ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ գործադրում են բռնություն, առանց հիմքերի բերման են ենթարկում Ոստիկանություն: 

Ըստ ահազանգերի ու հրապարակումների՝ ոստիկանների գործողությունների պատճառով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից 1-ը 16 տարեկան երեխա է, ում որովայնին, ըստ ահազանգերի, հարվածել է Ոստիկանության ծառայող:


Ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ՝ օրվա ընթացքում գործել է աշխատանքային 4 խումբ. 1 խումբ այցելել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, 1 խումբ՝ ակցիայի իրականացման վայր, 1 խումբ՝ հիվանդանոց և ևս 1 խումբ իրականացրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկում:


«Ֆիզգարադոկ» այցելած Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հարակից բնակիչների և նրանց փաստաբանի հետ:


1. Շինարարության հետ կապված՝ փաստաբանը տեղեկացրել է, որ այգու տարածքը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների տակ: Ըստ փաստաբանի՝ այն ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարություն չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է:


Այնուհետև, նշված անձը տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը դիմելով Երևանի քաղաքապետարան՝ 2021 թվականի հուլիսի 29-ին ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում: 


Փաստաբանը նշել է նաև, որ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն բոլորովին վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է պատմամշակութային արժեքների ցանկից:


Փաստաբանի տեղեկացմամբ՝ վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Ըստ փաստաբանի՝ վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1976 քմ, սակայն մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:


Փաստաբանը նշել է, որ դիմել է դատարան: Նա նաև գրավոր բողոք կհասցեագրի Մարդու իրավունքների պաշտպանին:


2. Ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված՝ բնակիչները տեղեկացրել են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ գործադրում են բռնություն, կոպիտ ու ակնհայտ անհամաչափ են արձագանքում իրենց քաղաքացիական ակցիային և մասնակիցներին առանց հիմքերի են բերման ենթարկում, չեն ներկայացնում պատճառներ:


Ոստիկանության բաժին այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ունեցել են առանձազրույցներ բերման ենթարկվածների, այդ թվում՝ 1 փաստաբանի հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև համացանցի հրապարակումները: Բերման ենթարկվածներից 2-ի, այդ թվում՝ փաստաբանի համար բաժին է կանչվել շտապ բժշկական օգնություն:


Առանձնազրույցների ընթացաքում բոլոր բերման ենթարկվածները նշված տեղեկություններից բացի, հայտնել են, որ բերման ենթարկելու կցկտուր պատճառներ նշվել են միայն բաժնում։


Ա) Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը, մասնավորապես, նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4-ից ավելի ծառայող: Ընթացքում կոտրվել է իր բջջային հեռախոսը, ստացել է մարմնական վնասվածքներ (որովայնը և ոտքը) իսկ հագուստը պատռվել է և իրեն բերման են ենթարկել տաբատը վրայից ամբողջությամբ ընկած վիճակում՝ արժանապատվությունը նվաստացնող եղանակով ու չեն թույլատրել հագնել այն։ Բերման ենթարկվելու ընթացքում Ոստիկանության ծառայողներին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն թույլ չեն տվել, դեպի մեքենան են տեղափոխել բռնություն գործադրելով։


Բ) Բերման է ենթարկվել նաև մեկ կին, ով նույնպես նշել է, որ ոստիկաններին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն ոստիակններն իրեն դեպի մեքենան են տարել բռնության գործադրմամբ։ Արդյունքում՝ ձեռքերին կապտուկներ են առաջացել։ 


Գ) Բերման ենթարկվածներից մեկ այլ քաղաքացի նշել է, որ երբ ոստիկաններին խնդրել է առանց տաբատ մարդկանց չտանել բաժին, 2 ծառայող, իր ձեռքերը ոլորելով, նստեցրել են ոստիկանական մեքենան։ 


Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իրեն սենյակից սենյակ են տեղափոխել ձեռքերը ոլորած և գլուխը ներքև իջեցրած վիճակում։


Դ) Բերման ենթարկված մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ տեսանկարահանելիս է եղել քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքը, որի ժամանակ Ոստիկանության մոտ 4 ծառայող հետևից մոտեցել է իրեն ու բերման ենթարկել։ Ըստ Վ. Հարությունյանի՝ երբ հարցրել է, թե ինչ պատճառաբանությամբ են իրեն բերման ենթարկում, Ոստիկանության ծառայողները չեն պարզաբանել։ Նշել է, որ բերման ենթարկվելու ընթացքում տաբատը պատռվել է։


Նա նշել է նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ ինքնազգացողությունը վատացել է: Այդ մասին հայտնել է Ոստիկանության ծառայողներին: Ոստիկանության բաժնում ինքնազգացողությունն ավելի է վատացել (սիրտը), ոստիկանները սկզբում առաջարկել են ջուր խմել։ Այնուհետև, հրավիրվել է շտապ բժշկական օգնության բրիգադ, ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն և դեղորայք, ինչից հետո ինքնազգացողությունը լավացել է։


Ե) Բերման ենթարկված այլ քաղաքացի տեղեկացրել է, որ  երբ նկատել է, որ Ոստիկանության ծառայողները մի երիտասարդի պառկեցրել են գետնին, մոտեցել է և հարցրել, թե ինչ նպատակով են երիտասարդի նկատմամբ ուժ գործադրում, ինչից հետո ոստիկաններից մեկը հրահանգել է իրեն տանել բաժին։ Հարցրել է, թե ինչի համար են իրեն զրկում ազատությունից, սակայն ոչինչ չի պարզաբանվել։ Փոխարենը՝ Ոստիկանության 4 ծառայող ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրմամբ իրեն տեղափոխել են ոստիկանական մեքենան։


Ըստ առանձնազրույցի՝ Ոստիկանության բաժնում խնդրել է, որպեսզի ապահովվի իր զանգի իրավունքը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել և պահանջել են անջատել բջջային հեռախոսը։ Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությունից հետո խնդիրը կարգավորվել է և քաղաքացին կարողացել է օգտվել զանգի իրավունքից։


Զ) Մեկ այլ բերման ենթարկված առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ Ոստիկանության ծառայողները ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել, ինչի արդյունքում վնասվածք է ստացել աջ աչքի շրջանում, իսկ հագուստը պատռվել է։


Այցի ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքացու նկատմամբ քրեական դատավարության կարգով նախապատրաստվում են նյութեր՝ Ոստիկանության մեքենային հարվածելու համար:

Պաշտպանի ներկայացուցիչները նաև այց են իրականացրել «Արմենիա» բժշկական կենտրոն, առանձնազրույց ունեցել Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղափոխված փաստաբանի և 16-ամյա երեխայի հետ։


Անչափահասը տեղեկացրել է, որ քաշքշուկի ընթացքում ընկել է, այնուհետև ոստիկանները հրել են մի կնոջ, ով ընկել է իր վրա։ 


Արդյունքում, աջ ոտքի շրջանում ցավեր են սկսվել։ Հավելել է, որ ավելի ուշ նկատել է, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին, մոտեցել է, որպեսզի վերջինի մորը դուրս բերի քաշքշոցի միջից: Այդ ընթացքում Ոստիկանության ծառայողներից մեկը հարվածել է իր որովայնին, որի հետևանքով սուր ցավեր ունի։  


Բերման ենթարկված փաստաբանը, նախ, նշել է, որ երբ նկատել է, որ Ոստիկանության ծառայողներից մեկի վրա դանակ է ամրացված, հարցրել է, թե ինչի համար է դանակ կրում, մյուս ոստիկանները նրան հեռացրել են իր տեսադաշտից։


Այնուհետև, կանգնել է տեխնիկայի դիմաց, որպեսզի անձամբ կանխի անսարք տեխնիկայի կողմից տարածքի աղտոտումը, որից հետո Ոստիկանության 4-5 ծառայող ֆիզիկական ուժի գործադրմամբ ուղեկցել են դեպի ոստիկանական մեքենան։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանական մեքենան նստեցնելիս ուշագնաց է եղել և երբ ուշքի է եկել, արդեն գտնվելիս է եղել մեքենայում։ Նրա պնդմամբ՝ ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ ոստիկաններն առաջացել են դուրս գալ ոստիկանական մեքենայից, սակայն չի կարողացել։


Փաստաբանը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության դեմ։


Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, բաժին ու հիվանդանոց այցը, հրապարակային նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ Ոստիկանության գործողությունները խախտում են բերվածների իրավունքները, այդ գործողությունները պետք է լինեն համաչափ: 


Ֆիզիկական ուժ կարող է գործադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Նույնը վերաբերում է նաև այնպիսի հատուկ միջոցի կիրառության, ինչպիսին ձեռնաշղթան է: Այն կարող է կիրառվի բացառապես անհրաժեշտ դեպքերում՝ ելնելով, օրինակ, մարդու վտանգավորությունից ու փախուստի հավանականությունից, այլ ոչ թե որպես հատուկ կիրառվող զրկանք կամ լրացուցիչ «պատիժ»:


Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որ ոտնահարում է մարդու արժանապատվությունը:

Ավելին․․․