Կալիֆոռնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգը սահմանափակում է իր ակտիվները Թուրքիայում
Սենատորներ Էնթոնի Պորտանտինոն և Սքոթ Վիլկը օգոստոսի 18-ին հայտարարել են Կալիֆոռնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգի (CalPERS) որոշման մասին, որով սահմանափակվում է վերջինիս ներդրումներն ու ակտիվների քանակը։ CalPERS- ը Միացյալ Նահանգներում գործող խոշորագույն պետական կենսաթոշակային համակարգն է և նրա արտաքին ակտիվները կարևոր նշանակություն ունեն օտար պետությունների տնտեսությունների համար:
Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Այս առիթով Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանը նկատում է․ «ԱՄՆ-ի քաղաքականությանը համապատասխան, որը մերժում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, CalPERS-ի որոշումը՝ հրաժարվել թուրքական կառավարության ներդրումներից, իր բնույթով համարձակ է և սկզբունքային։ Այս արդյունքի համար մենք երկար ժամանակ ենք աշխատել։ Մենք երախտապարտ ենք սենատոր Էնթոնի Պարանտինոյին այս աշխատանքն առաջնորդելու համար և անհամբերությամբ սպասում ենք նմանատիպ այլ հաջողությունների, որոնցով քանդվում են ժխտողականության պատերը»։