Պարո՛ն Սիմոնյան, հասկանում եմ, որ Ձեր շեֆի կողմից ունեք ցուցում, որ այս ամբիոնից չհնչեն «կապիտուլյանտ», «հողատու» արտահայտությունները, բայց համակերպվեք այդ մտքի հետ. Սաղաթելյան
Պարո՛ն Սիմոնյան, ես հասկանում եմ, որ Ձեր շեֆի կողմից ունեք շատ հստակ ցուցում, որպեսզի ԱԺ-ում որոշ արտահայտություններ չհնչեցվեն, օրինակ՝ հողատու կամ կապիտուլյանտ և հավանաբար դա եղել է Ձեր՝ ԱԺ նախագահ ընտրվելու պայմաններից մեկը: Այս մասին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյան:
«Դա քաղաքական գնահատական է ձեր գործունեությանը: Ձեր գործունեության ընթացքում մենք հայրենազրկվել ենք, դրա համար ասում ենք հողատու: Ձեր գործունեության ընթացքում երկիրը տարել եք կապիտուլյացիայի և դա քաղաքական գնահատակն է: Դուք այս դահլիճում հաճախ եք դա լսելու: ԱԺ նախագահը չպետք է չարաշահի իր տեղը և դերը ու պատգամավորների հասցեին տեղին- անտեղին արտահայտություններ անի: Դուք, որ խոսում եք մրմռոցից, դեռ շատ եք մրմռալու, այս ամբիոնից շատ դիմակներ են բացահայտվելու: Համակերպվեք այդ մտքի հետ, որ այս ամբիոնից հնչելու է ճշմարտացիություն: Ուզում եք սրենք, եկեք սրենք»,-ասաց նա:
Սաղաթելյանը հորդորեց ԱԺ նախագահին բարի լինել կազմակերպել ԱԺ բնականոն գործունեությունը: