Ֆրանսիայի Սենատը հաստատել է սանիտարական անցաթղթերի մասին օրինագիծը
Ֆրանսիայի Սենատը հավանության է արժանացրել սանիտարական անցաթղթերի կիրառումն ընդլայնելու և բուժաշխատողների շրջանում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստման մասին օրինագիծը, որում սենատորները որոշ փոփոխություններ են արել:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, օրինագծի ընդունմանը կողմ է քվեարկել 199 խորհրդարանական, դեմ՝ 123-ը: Կիրակի օրվա երկրորդ կեսին օրինագիծը պետք է վերանայի խորհրդարանական խառը հանձնաժողովը: Փաստաթուղթը երկու օր առաջ ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը):
Բուժանձնակազմի, հրշեջների և տարեցներին խնամող անձանց շրջանում պարտադիր պատվաստումից բացի օրինագիծը ենթադրում է սանիտարական անցաթղթերի կիրառում, որը կարող է լինել կա՛մ պատվաստման մասին վկայագիր, կա՛մ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան, կա՛մ հիվանդությունը հաղթահարելու մասին տեղեկագիր:
Այս անցաթուղթն անհրաժեշտ կլինի սրճարաններ, ռեստորաններ, բուժհաստատություն, ինքնաթիռ և գնացք մտնելու համար: Օրենքն ուժի մեջ է մտնելու օգստոսի սկզբից:
Սենատորների կատարած փոփոխության արդյունքում անցաթուղթ պահանջող վայրերի ցանկից բացառվել են բացօթյա սրճարանները:
Ավելին․․․